Միլիոններ` պետության հաշվին. նախկին գյուղապետները հայտնվել են մեղադրյալի աթոռին

Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է երկու գյուղապետի գործով մեղադրական եզրակացություններն ու դրանք ուղարկել դատարան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. մայիսի 7-ին հարուցված քրեական գործով Շիրակի մարզի երկու համայնքների` Ջրաձորի ու Հողմիկի նախկին ղեկավարների մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում)։

Հայ զինվորին ծեծելու դեպքն այսօրվա չէ. դատախազությունում քրգործ է հարուցվել

Ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ջրաձորի նախկին գյուղապետ Գևորգ Հովակյանը 2009թ. փետրվարի 25-ին գյուղի գյուղական նշանակության 2.6 հա հողատարածքը պայմանագրով վարձակալության է հանձնել Երևան քաղաքի մի բնակչի, իբր, գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 25 տարի ժամկետով և տարեկան ընդամենը 4.680 ՀՀ դրամ վարձավճարով։

Սակայն ընդամենը 1 ամիս անց վարձակալը հողամասի մի մասը (0.02 հա-ը) 24 տարի ժամկետով՝ ամսական 40.000 դրամով հանձնել է բջջային օպերատորներից մեկին` ալեհավաք կայան տեղադրելու համար։ Արդյունքում՝ 2009-2016թթ.-ին երևանցին ստացել է շուրջ 3.6 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքը զրկվել է թե՛ գումարից, թե՛ հողամասից։ Նախաքնության ընթացքում նախկին գյուղապետը պատճառված վնասից 2.5 մլն ՀՀ դրամը վերականգնել է:

Շիրակի մարզի Հողմիկ համայնքի նախկին ղեկավար Աշոտ Կյուրեղյանն էլ, իմանալով, որ բջջային օպերատորներից մեկը մտադիր է իրենց գյուղի տարածքում ալեհավաք կայան տեղադրել, ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի գրասենյակի իրեն ծանոթ աշխատակցի քրոջ հետ 2009թ. ապրիլի 30-ին կնքել է գյուղատնտեսական նշանակության 2.5813 հա հողամասի վարձակալության պայմանագիր` 25 տարի ժամկետով, տարեկան 4.600 ՀՀ դրամ վարձավճարով։

Դատախազությունը ընտրական 5 իրավախախտումների վերաբերյալ նյութեր է նախապատրաստում

Պայմանագիրը կնքելուց ընդամենը 7 օր անց հողամասի կեղծ վարձակալը ենթավարձակալության պայմանագիր է կնքել օպերատոր ընկերության հետ` 24 տարի ժամկետով ու 100 անգամ բարձր գնով՝ տարեկան 480.000 դրամով։

Ընդ որում, համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով պարտադիր պայման է եղել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, իսկ այդ պահանջի չկատարման դեպքում պայմանագիրը պետք է դադարեցվեր, ինչը չի արվել։

Արդյունքում պայմանագրի հետևում կանգնած անձինք 2009-2016թթ–ին 3.6 մլն դրամի շահույթ են ստացել, իսկ համայնքին ընդամենը 36.800 դրամ են վճարել:

Հաշվարկված վնասից նախաքննության փուլում նախկին գյուղապետը վերականգնել է 1.750.000 ՀՀ դրամը:

Շիրակի մարզի դատախազությունը հաստատել է երկու գյուղապետերի գործով մեղադրական եզրակացություններն ու դրանք ուղարկել դատարան։