Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանցի մարզական մեկնաբանին հայկական ազգանվան պատճառով թույլ չեն տվել Բաքու մտնել։ Այս քայլը մարզական աշխարհում լուրջ կրքեր է բորբոքել ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի -Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանի հետ կապված իրավիճակը․ Առուստամյանին չեն հավատարմագրել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումներին: Որոշումը պայմանավորված է լրագրողի հայկական ծագմամբ։

Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Զախարովայի խոսքով՝ այժմ ՈւԵՖԱ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որ Եվրոպայի առաջնությունը պատշաճ մակարդակով անցնի: Հատուկ ուշադրություն է դարձվում զանգվածային լրատվամիջոցներին ու լրագրողների հավատարմագրմանը:

«Ներկայիս համաշխարհային իրողություններում չափազանց բարդ է նման ծավալուն անդրսահմանային մարզական միջոցառումներ կազմակերպել։ Ռուսաստանը միջոցառումների մի ամբողջ համալիր է իրականացնում, որ այդ ժամանակահատվածում արտասահմանցի թղթակիցների աշխատանքն առավելագույնս հարմարավետ լինի»,-գրել նա իր Telegram-ալիքում։

Զախարովայի խոսքով՝ ՈւԵՖԱ-ն փնտրում է լուծում, որը թույլ կտա ռուսաստանցի սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանին մասնագիտական գործունեություն իրականացնել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լուսաբանման ուղղությամբ: Նա հավատում է, որ լուծում կգտնվի։

 «Երեկ ամբողջ երեկո դրանով էինք զբաղված։ Եվ կարող եմ ասել, որ ներգրավված բոլոր կողմերի նման կառուցողական հարաբերությունները վաղուց չէի տեսել»,- գրել է նա։

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021 թվական: Հանդիպումները կանցկացվեն հունիսի 11-ից հուլիսի 11-ը միանգամից մի քանի երկրներում:

Բաքուն Առուստամյանին թույլ չի տվել մասնակցել Եվրո-2020-ին. Ուտկինը դիմել է կազմկոմիտեին

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին բլոգեր Վասիլի Ուտկինը հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը: Ավելի ուշ «Match TV»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին ասել էր, որ հեռուստաալիքն ամեն ինչ անում է իրավիճակը կարգավորելու համար։