ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շատ ավելի հեշտ կլինի որոշել այն ժամանակ, երբ կողմերը վերադառնան լիարժեք խաղաղ կյանքի: Նա իր կարծիքը հայտնել է Մոսկվայում «Պրիմակովյան ընթերցումների» ժամանակ։
«Հասկանում եմ, որ հիմա շատերն են խոսում Ղարաբաղի կարգավիճակի չլուծված լինելու մասին։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նրանք այս փուլում պետք է ոչ թե գրգռեն Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, այլ նպաստեն վստահության միջոցների ամրապնդմանը», — ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ պետք է առաջին հերթին լուծել մարդասիրական հարցերը, նպաստել, որ հայերն ու ադրբեջանցիները կրկին ապրեն կողք կողքի, ապահով ու տնտեսապես բարեկեցիկ կյանքով։
«Եվ այդ ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ մի երկու-երեք տարի հետո, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն», - վստահեցրել է նախարարը:
Լավրովը նպատակահարմար չի համարում շեշտը դնել այն հայտարարությունների վրա, որոնք հնչում են տարածաշրջանի մայրաքաղաքներից՝ ինչպես հակամարտության անմիջական մասնակիցներից, այնպես էլ նրանց հարևաններից։ Այդ հայտարարություններում գերիշխում են հույզերը։ Ռուսաստանն այդ պետություններին հորդորում է նպաստել խաղաղությանն ու նորմալ կյանքի հաստատմանը։
Սերգեյ Շոյգուն ու Վաղարշակ Հարությունյանը սուր խնդիրներ են քննարկել Մոսկվայում