«Ինձ «ռուսական լրտես» էր անվանում». Վանեցյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին

Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը խոսել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ փոխհարաբերությունների մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իրեն «ռուսական լրտես» է անվանել:

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Վանեցյանի խոսքով՝ մեղադրանքները հնչել են այն բանից հետո, երբ ինքը 2019 թվականի սեպտեմբերին լքել է ԱԱԾ ղեկավարի պաշտոնը։ Նրա հասցեին նաև նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու մեղադրանքներ են հնչել։

Նա հայտարարել է, որ պաշտոնից հեռանալու պատճառ են դարձել չմտածված, վտանգավոր որոշումները, որոնք այն ժամանակ ընդունում էր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը։ Վանեցյանը հիշեցրել է, որ իր հեռանալու հայտարարության մեջ նախազգուշացրել էր հետևանքների մասին, և հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ինքը ճիշտ էր։

Հիշեցնենք, որ 2019 օգոստոսի 16–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը։ Դրան հաջորդեց Վանեցյանի հայտարարությունը, որում նա ասում էր. «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ»։