Ինչ բարդացումներ կարող են լինել պատվաստումից հետո, և ինչ է պետք անել այդ դեպքում

ՀՀ առողջապահության նախարարը մանրամասնել է, թե ինչ բարդացումներ կարող են ի հայտ գալ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրաման է ստորագրել, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչ հնարավոր բարդացումներ կարող են լինել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո։

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների թիվը հատել է 50 հազարի շեմը

«Թրոմբոցիտոպենիա, արյան մակարդելիության խանգարումներ, արտահայտված հևոց, դժվարաշնչություն, ցավ կրծքավանդակի շրջանում, կոմատոզ վիճակ, վերջույթների այտուց, վերջույթների ցիանոզ, վերջույթների ցանավորում, ցավ հոդերում, այտուց հոդերում, գլխապտույտ, խոսակցության խանգարում, հեմոռագիկ վասկուլիտի նշաններ, արտահայտված տախիկարդիա, մարմնի թմրածություն, վերջույթների թուլություն, սուր շնչական ծանր վարակի ախտանշաններ՝ մկանացավ, հոդացավ, ընդհանուր թուլություն, ինչպես նաև պատվաստումից հետո 14 օրվա ընթացքում 3 օր և ավելի տևող ջերմության բարձրացում»,– սրանք նախարարի հրամանի մեջ նկարագրված այն հիմնական բարդացումներն են, որոնց դեպքերում քաղաքացին պետք է դիմի բժշկի։

Այս ախտանշաններից ցանկացածի ի հայտ գալու դեպքում հանրապետական, մարզային, համայնքային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները պարտավոր են շտապ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ ՊՇՌ հետազոտություն ու քաղաքացուց վերցված նմուշն ուղարկել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» (ՀՎԿԱԿ)։

99 նոր դեպք և 11 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Առողջապահության նախարարի հրամանի համաձայն` այս գործընթացի իրականացումը հանձնարարվել է ՀՎԿԱԿ գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանին, իսկ հրամանի կատարման հսկողությունը` նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին։

«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ». Գալուստ Սահակյանն ընտրել է «Սպուտնիկ V»-ն