ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը կասկածում է կողմնակալության մեջ։ Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը։
«Այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեց նաև միջանկյալ հաշվետվություն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Մեր գնահատմամբ` վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել»,–ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են` ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն:
«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին
«Սակայն ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝ ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված, որևէ կերպ չի անդրադարձել դրան։ Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով: Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր», – ասաց Վարդևանյանը։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին կմասնակցի 25 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։
«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին