Երկու տարի առանց ռեկտորի մնացած մայր բուհը. ի՞նչ ճակատագիր է սպասվում ԵՊՀ–ին

ԵՊՀ–ն ոչ միայն ռեկտոր չունի, այլ նաև վերջին շրջանում տապալվում են հոգաբարձուների խորհրդի նիստերը։ Թե ի՞նչ լուծումներ կլինեն բուհն այս վիճակից դուրս բերելու համար, անհայտ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմի ձևավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են: Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստերը տապալվում են քվորում չլինելու պատճառով։ Հոգաբարձուների խորհրդի անդամների մի մասն այնտեղից դուրս գալու դիմում է գրել, իսկ վերջերս էլ բուհի ուսխորհուրդը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ` հետաքրքրվելով, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի բուհը դուրս գա ստեղծված վիճակից։

ԵՊՀ ուսխորհուրդը հրաժարվում է հոգաբարձուների խորհրդի ձևավորմանը մասնակցելուց

Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախարարությունից պատասխանել են` բուհի բնականոն գործունեությունն ապահովելու, բուհում բարեփոխումներին նպաստող միջավայր ձևավորելու նպատակով նախաձեռնվել է հոգաբարձուների խորհրդի թվակազմի փոփոխություն։ Այն, որ բուհն այժմ այդ փոփոխության հետևանքով զրկվելու է ինքնավարությունից` նախարարությունը որպես բարեփոխում է ներկայացրել։ Նշենք, որ խոսքն այն մասին է, որ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից հասցվել է 20-ի, որից 55 տոկոսին նշանակելու է կառավարությունը, 10 տոկոսին՝ ԿԳՄՍ-ն, հաջորդ 10 տոկոսին՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, իսկ վերջին 25 տոկոսին էլ՝ ուսանողական կազմը։

Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ինչպե՞ս է ձևավորվելու հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, եթե ուսխորհուրդը հրաժարվում է դրա մաս լինել։ Պարզվում է` այդ մասին նույնպես մտածել են։ «ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 04-ի N 704-Ն որոշմամբ նախատեսվել է դրույթ, ըստ որի՝ խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին»,-նշված է պատասխանի մեջ։ Այսինքն` եթե ուսանողները բոյկոտում են, կարող է ամենևին էլ կարիք չլինի նրանց ներգրավման։

Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը

ԿԳՄՍՆ-ից, սակայն, տեղեկացնում են, որ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն իր իսկ նախաձեռնությամբ հանդիպել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ, որտեղ բուհին առնչվող խնդիրների շուրջ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Հանդիպմանը ներկա են եղել նաև ուսանողները, որոնք էլ, ըստ նախարարության, բարձրացրել են իրենց հուզող հարցերը:

ԵՊՀ–ի հատուկ կարգավիճակը պետական գաղտնի՞ք է. ԿԳՄՍՆ–ն խուսափում է հստակ տեղեկություն տալուց

Նշենք, որ բուհերում ընդունելությունը սկսվել է, և ԿԳՄՍՆ–ից հարցրել էինք նաև` արդյո՞ք ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակը չի ազդում ընդունելության վրա։ Նախարարությունից խուսափել են պատասխանել այս հարցին` միայն տեղեկացնելով, որ բուհում ընդունելության գործընթացն իրականացվում է սահմանված կարգով:

Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական էր տվել 2019-ի մայիսի 23–ին։ Դրանից շուրջ մեկ շաբաթ անց` մայիսի 30-ին, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի ԺՊ է ընտրվել Գեղամ Գևորգյանը։ ԵՊՀ ռեկտորի` 2020-ի մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չկայացավ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն սահմանելու պատճառով։Այս տարի հրաժարական տվեց նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը։ Բուհը, փաստացի, 2 տարի է, ինչ ռեկտոր չունի։