ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Ադրբեջանում հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի, Ալյոշա Խոսրովյանի և Վիգեն Էուլջեքյանի դեմ դատական նիստերը նրանց իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կկտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար»,–գրում է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են:
«Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից»,–գրում է Թաթոյանը:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում։
Գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է. Թաթոյան
«Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները»,–գրում է Թաթոյանը` հիշեցնելով, որ ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը:
Գյումրիում Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել գերիների հարազատների հետ
Հիշեցնենք,` այսօր՝ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը: