ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Թուրքիայում փորձում են փակել ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ermenihaber–ը։
Թուրքիայի գերագույն դատարանի հանրապետական դատախազությունը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) փակելու պահանջով նոր մեղադրական եզրակացություն է ուղարկել Սահմանադրական դատարան:
«850 էջից կազմված մեղադրական եզրակացությամբ պահանջ է ներկայացվել արգելել շուրջ 500 ընդդիմադիր կուսակցական գործչի քաղաքական գործունեությունը։ Պահանջվել է նաև սառեցնել կուսակցության բանկային հաշիվները»,–գրում է կայքը:
Նշենք, որ դեռևս 2021թ. մարտի 17-ին Թուրքիայի Գերագույն դատարանի հանրապետական գլխավոր դատախազ Բաքիր Շահինը հայցով դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով HDP-ի գործունեության դադարեցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը, մամուլի ասուլիսում անդրադառնալով թեմային, նշել է, որ HDP-ի դեմ դատական գործընթացը վերսկսել է թերությունները վերացնելուց հետո:
Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը մարտի 17-ին կազմված մեղադրական եզրակացությունը ետ էր ուղարկել դատախազություն`թերի լինելու պատճառաբանությամբ։