Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումը կմեծացնի Հայաստանից արտահանումը. ՀԿԵ տնօրեն

Անցած տարի Փոթիի և ռուսական «Կովկաս» նավահանգստի միջև լաստանավային հաղորդակցությունը մեծամասամբ դադարեցվել է, սակայն այժմ քննարկվում է այն կրկին բացելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Սև ծովով լաստանավային կանոնավոր փոխադրումների բացումը թույլ կտա մեծացնել արտահանումը Հայաստանից։  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ –ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

Անցյալ` ճգնաժամային տարում, Հայաստանում բեռնափոխադրումների ծավալները նվազեցին։ Այդ պատճառով այժմ երկաթգիծն աշխատում է փոխադրումների նոր ծավալներ ներգրավելու ուղղությամբ (մասամբ նաև ավտոտրանսպորտով իրականացվողի)։

Ճանապարհորդիր USB–ով. Ռուսաստանից Հայաստան նոր երկաթուղային վագոններ են բերվել

Երկաթգիծը կարող է ավելի մեծ բեռներ տեղափոխել ավելի մատչելի գներով, սակայն Հայաստանի պայմաններում փոխադրումն ավելի շատ ժամանակ է խլում։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանի և Հայաստանի միջև միջանցիկ երկաթուղային հաղորդակցություն չկա, այդ պատճառով սևծովյան նավահանգիստներում (Կովկաս նավահանգիստ, Նովոռոսիյսկ, Տուապսե) բեռները երկաթգծից տեղափոխվում են լաստանավի վրա, այնուհետև` Փոթի, և հակառակը` լաստանավից երկաթուղային շարժակազմի վրա։ Եվ եթե ռուսական և վրացական նավահանգիստների միջև լաստանավով ճանապարհը տևում է մոտ երեք օր, ապա մոտավորապես նույնքան ժամանակ է պետք, որ բեռնատարը Երևանից Մոսկվա հասնի։

Այնուամենայնիվ, եթե վերականգնվի լաստանավային կանոնավոր հաղորդակցությունը, դա նոր հնարավորություն կստեղծի և՛ Հայաստան բեռների մատակարարման, և՛ երկրից արտահանման համար։

Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կանոնավոր լաստանավային փոխադրումների վերսկսման հնարավորությունը «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկու հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Հայաստանն ու Վրաստանը վերականգնել են երկաթուղային հաղորդակցությունը

«Մենք հասկանում ենք, որ լաստանավային բաղադրիչը բավական թանկ արժե, սակայն մրցակցություն կա մի քանի փոխադրողների միջև, ինչը օգնում է լավագույն գինը ձևավորել։ Դրան գումարած, «Ռուսական երկաթուղին» Վրաստանի երկաթգծի հետ համատեղ, հատուկ 50% զեղչ է սահմանել «Կովկաս» նավահանգիստ փոխադրումներ իրականացնելու համար, այսինքն` դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ գնացող բեռների արտահանման համար», – ընդգծեց Մելնիկովը։

Անցյալ տարի համավարակի պատճառով տրանսպորտային երթուղիներն աշխատում էին խափանումներով, և Փոթիի ու ռուսական նավահանգիստների միջև կանոնավոր լաստանավային փոխադրում չէր իրականացվում։

ՀԿԵ–ն լաստանավային երեք երթուղի պատվիրեց բացառապես սեփական կարիքների համար, նման երթուղիներ կլինեն նաև այս տարի։ Երկաթգիծը շինանյութով և սարքավորումներով բեռնված նավ է վարձել Հրազդան ՋԷԿ–ի վերանորոգման համար։

«Կանոնավոր լաստանավային փոխադրումները նոր հնարավորություններ կստեղծեն, այդ թվում Ռուսաստանի հեռավոր շրջաններ փոխադրումներ իրականացնելու համար, որոնց համար ևս ՀԿԵ–ի կողմից սահմանված արտոնյալ սակագներ են գործում», – նշեց Մելնիկովը։

Հնարավոր է` Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքների վագոնների քանակն ավելանա. ՀԿԵ

Հիշեցնենք, որ այսօր երկաթգծին բաժին է հասնում Հայաստանի ամբողջ բեռնաշրջանառության մոտ մեկ չորրորդը (ներմուծում, արտահանում և ներքին` չհաշված գազատար խողովակներով գազի մատակարարումը)։