Կոնստանտին Օրբելյանը Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր է նշանակվել

Կոնստանտին Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նոր պաշտոնին: Օպերայի տնօրենն էլ համոզմունք է հայտնել, որ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրեն և դիրիժոր: Տեղեկությունը հրապարակվել է Նյու Յորքի օպերայի պաշտոնական կայքում:

Տիգրան Համասյանը միջազգային հեղինակավոր մրցույթում 2 մրցանակի է արժանացել

Մաեստրո Օրբելյանի մասնակցությամբ առաջին օպերան՝ նոր շունչ ստացած «Ռիգոլետտոն» կցուցադրվի օգոստոսի 29-ին:

«Շատ ուրախ ենք, որ աշխարհահռչակ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը դառնում է Նյու Յորքի քաղաքային օպերայի ընտանիքի անդամ: Նա իր հետ բերում է դիրիժորության իր տասնամյակների փորձառությունը և ապագայում մեզ ու մեր հանդիսատեսին կառաջարկի շատ բարձր մակարդակի ներկայացումներ»,- ասել է օպերայի տնօրեն Մայքլ Կապասոն։

Կապասոն համոզմունք է հայտնել, որ մաեստրոն իր դերակատարումը կունենա Նյու Յորքի օպերան ամերիկյան ու միջազգային օպերային արվեստում նոր բարձունքների հասցնելու գործում:

Օրբելյանն ընդգծել է, որ սիրով է համաձայնել նոր պաշտոնին:

«Սա լավ հնարավորություն է՝ օգնելու այս պատմական ու մշակութային տեսանկյունից կարևոր երաժշտական հաստատությունը վերադառնալ կյանք՝ կորոնավիրուսի մարտահրավերներով լի ժամանակներից հետո: Մենք հնարավորություն կընձեռենք օպերայի սիրահարներին լսել ԱՄՆ–ի և ողջ աշխարհի ամենալավ երգիչներին»,- ասել է նա:

Օրբելյանի խոսքով` իրենք հավատարիմ կմնան Նյու Յորքի քաղաքային օպերայի ավանդույթներին և հարթակ կտրամադրեն ժամանակակից կոմպոզիտորներին։

Հիշեցնենք, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանը 2019 թվականի մարտի 26-ի երեկոյան ՀՀ մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց` ի պաշտպանություն Օրբելյանի։

Օրբելյանը դատի էր տվել ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը`  պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից  ազատելու` մարտի 28–ի հրամանը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել հօգուտ Օրբելյանի։

Կոնստանտին Օրբելյանը խոսել է իր և նախարարության դատական գործի մասին