Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան

Պատերազմից անմիջապես հետո պետբյուջեի և «Համահայկական հիմնադրամի» միջոցների հաշվին ձեռք է բերվել շտապօգնության 37 ամենագնաց ավտոմեքենա ու ևս 10 «Ֆորդ» մակնիշի ռեանիմոբիլ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Մինչև տարեվերջ Հայաստանը Ճապոնիայի կառավարությունից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: Այս մասին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց այսօր ԱԺ–ում, 2020 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։

Ճապոնիայի կառավարությունը ՀՀ–ին 51 շտապօգնության մեքենաներ կնվիրի. Ավանեսյան

Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել էր նաև հայկական կողմի շտապօգնության մեքենաները, ինչի հետևանքով անհրաժեշտություն էր առաջացել արագ համալրել ավտոմեքենաների պարկը:

«Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51 նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին»,– ասաց նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ ավտոմեքենաները Հայաստան կհասնեն տարեվերջին։

Պատերազմից անմիջապես հետո պետբյուջեի և «Համահայկական հիմնադրամի» միջոցների հաշվին ձեռք է բերվել շտապօգնության 37 ամենագնաց ավտոմեքենա ու ևս 10 «Ֆորդ» մակնիշի ռեանիմոբիլ։

Բացի այդ ՀՀ-ին ու Արցախին բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրել նաև սփյուռքահայերը։