ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստան բերված երկաթուղային նոր վագոնները կբարելավեն ուղևորափոխադրումների որակը, դրանք ավելի հարմարավետ են։ Այս մասին հայտնեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը` ընդունելով Երևան ժամանած նոր վագոնների խմբաքանակը։
«Հարավկովկասյան երկաթուղին շարունակում է ներդրումներ անել Հայաստանի ճանապարհների վրա և շարժակազմում` բարձրացնելով փոխադրումների որակը։ Նոր վագոնները տարբերվում են բարձր որակով, մեր ուղևորները կգնահատեն այն», –Երևանի կենտրոնական երկաթուղային կայարանում հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց Մելնիկովը։
Վագոնները կօգտագործվեն ինչպես միջազգային փոխադրումների (Երևանից Թբիլիսի և Բաթում), այնպես էլ ներքին հաղորդակցման ժամանակ։
«Ռուսական երկաթուղիների» ուղևորափոխադրումների դեպարտամենտի պետի տեղակալ Կիրիլ Կորնիլինը նշել է, որ Տվերի վագոնաշինական գործարանում պատրաստված վագոնները նույն որակի են, ինչ Մոսկվայից մի շարք քաղաքների ուղղությամբ կիրառվողները։
«Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում վագոնային պարկը թարմացվում է ուղևորների հարմարավետության համար», – հավելեց նա։
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանն ընդգծեց տրանսպորտային ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության բարձր մակարդակը` նկատելով, որ ռուսական կողմից քննարկվում են երկրում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նաև այլ նախագծեր։
27 վագոնները (որոնցից այսօր ժամանել են 20-ը) ձեռք են բերվել Եվրասիական զարգացման բանկի տրամադրած վարկով։ 8 տարի ժամկետով վարկային գիծ է տրամադրվել մինչև 1.2 մլրդ ռուբլի ծավալով։
Հիշեցնենք, որ Տվերից Երևան վագոնները հանդիսավոր կերպով ուղարկվել են դեռևս մայիսի 26–ին, արարողությանը մասնակցել էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ինչպես նաև «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը։
Նոր վագոններում տեղադրված են ցնցուղախցիկներ, ինչպես նաև խմելու ջրի մաքրման սարքեր։ Վագոններում բոլոր տեղերը կահավորված են ինչպես վարդակներով, այնպես էլ USB սարքերը միացնելու պորտերով։
Առաջիկա ամիսներին Երևան կժամանեն ևս երկու նոր ուղևորատար էլեկտրագնացքներ (Երևանի և Գյումրիի միջև ուղևորափոխադրումներ իրականացնող վագոններին նման մոդելներ)։
«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: