ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը գոյություն չունի, դա խայտառակություն է։ Սիսիանում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով` պետական համակարգի բարձրագույն քաղաքական ղեկավարության ապաշնորհ գործողությունների պատճառով Հայաստանը հայտնվել է կոլապսի մեջ։
«Թե ինչ արեց Նիկոլ Փաշինյանը ՀՀ դիվանագիտության համակարգի հետ՝ ուղղակի խայտառակություն է։ Մի կառույց, որն իրական պրոֆեսիոնալներից էր բաղկացած և ձևավորել էր իր ավանդույթները, ուղղակի ավերեցին, հիմա ԱԳՆ–ն ուղղակի չկա։ Եվ մենք այս վիճակում խոսում ենք ինչ-որ բանակցային գործընթացի մասին։ Մենք խոսում ենք գերիների վերադարձի մասին։ Չէ որ հենց ԱԳՆ-ն է, որ առաջին հերթին պետք է զբաղվի գերիների հարցերով ՝ առաջացնելով միջազգային արձագանք, որը ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա և կվերադարձնի հայ գերիներին։ Հիմա փաստացի այդ կառույցը չկա, ո՞վ է այդ աշխատանքը կատարելու. ոչ ոք»,–- ասաց նա։
Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում իշխանության մեջ պատահական մարդիկ են հայտնվել, և Ղարաբաղում պատերազմի պարտությունը այդ պատահականության արդյունք էր։
Ինչո՞ւ գերիների շուրջ բանակցություններն արդյունք չեն տալիս. Կապրիելյանի տեսակետը
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։
Դրան հետևեց ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականը, որից հետո հրաժարական տվեցին 4 արտգործնախարարները։
Հավելենք, որ րոպեներ առաջ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։