ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի 11-րդ համար, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրանցումը ԿԸՀ այսօրվա որոշմամբ համարվեց անվավեր։
Մինչ որոշման ընդունումը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մանրամասն ներկայացրեց դրա հիմքերը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ Միհրան Պողոսյանն ամբողջ գործընթացն իրականացրել է փաստաբանի միջոցով։
Հիշեցնենք` մայիսի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր դիմել Միհրան Պողոսյանի լիազորված անձ Նորայր Հարությունյանը՝ Պողոսյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ–ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք ստանալու խնդրով: Դիմումին կից ներկայացվել էր Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանից ստացված տեղեկանքը, որի համաձայն` Պողոսյանը հանդիսանում է համալսարանի առաջին կուրսի ուսանող և ՀՀ–ից բացակայում է հարգելի պատճառով։
Բայց քանի որ օրենքով նախատեսված ժամկետը 22 օրով խախտված է եղել, ոստիկանությունը մերժել է Պողոսյանի ներկայացուցչին, վերջինն էլ այն բողոքարկել է վարչական դատարանում։
Սակայն մինչ վարչական դատարանը որոշում կկայացներ, Պողոսյանը նույն բուհից երկրորդ տեղեկանքն է ներկայացրել վիզաների վարչություն, թե իբր նա համալսարանի նախապատրաստական դասընթացներում է ընդգրկված եղել, ինչի համար էլ բացակայել է երկրից։ Բուհը, սակայն, այդ երկրորդ տեղեկանքի իսկությունը չի հաստատել։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ ընթացքում Պողոսյանը նաև երրորդ դիմումն է ներկայացրել վիզաների վարչություն, այս անգամ` Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների ինստիտուտից։ Այստեղ էլ, ըստ փաստաթղթի, Պողոսյանը նախապատրաստական ինչ–որ դասընթացի է մասնակցել։ Այս փաստաթղթի իսկությունը ևս հերքվել է։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հունիսի 1-ին հայտնել էր, որ վարչություն ներկայացրած փաստաթղթի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։
Հավելենք, որ ԱԺ պատգամավոր դառնալու համար թեկնածուն պետք է վերջին 4 տարում ՀՀ-ում բնակվի։ «ՀՀ ընտրական օրենսգիրք» օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ քաղաքացին վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից:
Նույն նորմով սահմանվել է ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք, որոնցից է արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունը։
Միհրան Պողոսյանին նոր ծանր մեղադրանքներ կառաջադրվեն. գլխավոր դատախազ
ԿԸՀ–ն այսօրվա նիստում հաստատեց նաև «Ազգային ժողովրդական բևեռի» 3, ՀԴԿ 1, «Միասնական հայրենիք» կուսակցության 2 պատգամավորի թեկնածուի ինքնաբացարկի դիմումները։ Իսկ «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության 1 թեկնածուի դիմումը մերժեց, քանի որ թեկնածուն ո՛չ անձամբ էր ներկայացել նիստին, ո՛չ էլ ներկայացրած դիմումն էր հաստատել նոտարական կարգով, ինչը օրենքի պարտադիր պահանջ է թեկնածուի ինքնաբացարկն ընդունելու դեպքում։
Միհրան Պողոսյանի ոտքի օղակը հանել են. իրավական գործընթացը շարունակվում է