ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է, որ հունիսի 8-ին ձերբակալված ՀՀ ԶՈւ զինծառայող Արթուր Քաթանյանը ոչ թե սադրանքի է դիմել, այլ մոլորվել է: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ առաջին հարցաքննության ժամանակ զինծառայողն իրեն կասկածելի է պահել և սխալ պատասխաններ է տվել։ Դա էլ հանգեցրել է այն մտքին, որ նա եղել է ՀՀ ԶՈւ դիվերսիոն խմբի անդամ, պարզաբանել են գերատեսչությունում։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ ներկայում Քաթանյանն արդեն վերադարձվել է հայկական կողմին։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում էր, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրը։