«Ուսուցիչների ու դպրոցների տնօրենների վրա սկսել են ճնշումներ գործադրել». Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը զգուշացնում է, որ խայտառակ վարքագիծն անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության են ենթարկվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը վերջին օրերին տեղեկություններ է ստացել, որ գործող ժամանակավոր իշխանությունը վարչական ռեսուրսի չարաշահմամբ սկսել է ճնշումներ գործադրել ուսուցիչների և դպրոցների տնօրենների վրա՝ փաստացի ստիպելով իրականացնել քարոզչություն հօգուտ վարչապետի պաշտոնակատարի։ Տեղեկությունը հայտնում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Նշվածն առավել հաճախ արձանագրվում է Լոռու, Շիրակի և Արարատի մարզերում: Կրկնակի դատապարտելի է, որ այս գործընթացի մեջ ներգրավում են ԱԱԾ ծառայողների. սահմանային խայտառակ վիճակը կարգավորելու և անվտանգային սպառնալիքները կանխելու փոխարեն ուժային կարևորագույն կառույցը ծառայեցվում է ապօրինի խնդիրներ լուծելու համար»,– նշված է Վարդևանյանի հայտարարության մեջ։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի` «Հայաստան» դաշինքի նկատմամբ ապօրինությունների համակարգման և կազմակերպման համար նույնիսկ հատուկ շտաբ է ձևավորվել:

Մի խումբ անձինք ոչնչացրել են «Հայաստան» դաշինքի պաստառները. Վարդևանյանը զգուշացնում է

«Մեկ անգամ ևս զգուշացնում ենք ժամանակավոր իշխանությունների ապօրինի հրահանգները կատարողներին` այս խայտառակ վարքագիծը անպատիժ չի մնալու, յուրաքանչյուր դեպքի, յուրաքանչյուր ճնշված ուսուցչի ու տնօրենի համար օրենքի առաջ պատասխանատվության եք ենթարկվելու»,– ընդգծել է Վարդևանյանը:

ՀՀ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել կուսակցությունների ու դաշինքների ղեկավարների հետ

Դաշինքը հրավիրում է միջազգային դիտորդական առաքելություն իրականացնողների և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը