ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանի 2020 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը դատարկ դահլիճում է ընթերցվում։ Առավոտյան ԱԺ էին եկել միայն տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանն ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը (երկուսն էլ «Իմ քայլից» են)։
Լրագրողների հարցին՝ գո՞հ է պատգամավորների նման վերաբերմունքից, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ պետք է ըմբռնումով մոտենալ հարցին:
Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց
«Իհարկե, պետք է ուշադրություն դարձնել մեր երկրի հիմնական ֆինանսական փաստաթղթին։ Բայց հասկանում եմ, որ բոլոր խմբակցությունների պատգամավորներն այժմ շրջում են Երևանի շրջաններով ու ՀՀ մարզերով, որ քարոզչություն իրականացնեն։ Պետք է հաշվի առնել դա», - ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 7-ին, մեկնարկել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրության քարոզարշավը։