ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Սևանա լճում իշխանի պաշարները 2020 թվականին երեք անգամ աճել են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
2019 թվականին իշխանի պաշարները լճում գտնվում էին կրիտիկական ցածր մակարդակի վրա (1-1,5 տոննա), սակայն 2020 թվականին դրանք աճել են մինչև 4,56 տոննա, քանի որ անցյալ տարի նախարարության ստորաբաժանումները շատ մեծ քանակությամբ մանրաձուկ են լիճ բաց թողել:
Նշված ծավալը վերաբերում է բնական պաշարներին, քանի որ լճում ձուկն աճեցվում է նաև արդյունաբերական եղանակով։
Առանց պայմանագրի սիգի որսն արգելվում է. ի՞նչ պետք է իմանա ձկնորսը
Ինչ վերաբերում է բնական պաշարներին, ապա Պետրոսյանը հիշեցրեց, որ դրանց որսն անորոշ ժամանակով արգելված է։
«Դեռ որոշված չէ, թե ինչ մակարդակի պետք է հասնեն իշխանի պաշարները, որ արգելքը հանվի։ Գլխավորը ոչ թե տոննաներն են, այլ վերարտադրության ցիկլի վերականգնումը», – ավելացրեց բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։
Նշենք, որ Սևանում սիգի բնական պաշարները գնահատվում են մոտ 600 տոննա, խեցգետինը՝ մոտ 100 տոննա։
Որոշումները շտապ են կայացվել․ իշխանական պատգամավորը դեմ է սիգի որսի հետ կապված ծրագրին