Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը

Որպեսզի ռազմաբազայի հարցը լուծում ստանա գործընկերային հիմքի վրա, ոչ թե «աղաչելով խնդրելով», ապա, ըստ Քոչարյանի, Հայաստանը պետք է շատ արագ վերականգնի բանակն ու դաշնակիցների հետ ամրացնի երկրի անվտանգությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումն իրատեսական է համարում: Նա այդ մասին հայտարարեց Կապանում ընտրողների հետ հանդիպմանը՝ պատասխանելով նրանց հարցերին:

«Բայց մեկ հարց կա, որի վրա ես միշտ շեշտադրում եմ անում՝ եթե մենք ուզում ենք, որ մեզ հարգեն, մենք պետք է ունենանք սեփական զինված ուժեր: Այո՛, Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է: Անկասկած: Բայց եթե ուզում ենք, որ մեր կշիռը այդ համազորություններում պատշաճ մակարդակի վրա լինի, մենք մեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնենք: Այլ տարբերակով չեն հարգում պետություններին»,- ասաց նա:

Որպեսզի ռազմաբազայի հարցը լուծում ստանա գործընկերային հիմքի վրա, ոչ թե «աղաչելով խնդրելով», ապա, ըստ Քոչարյանի, Հայաստանը պետք է շատ արագ վերականգնի բանակն ու դաշնակիցների հետ միասին ամրացնի երկրի անվտանգությունը:

Հակառակ դեպքում, նրա խոսքով, Հայաստանը հարգանք չի վայելի:

Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր` հունիսի 7–ին։

«Սա էժանագին սադրանք է». Իվետա Տոնոյանը մեկնաբանել է սկանդալային տեսանյութը