Փոքրիկ դրախտ հեծանվորդների համար. Վանաձորում հեծանիվ քշելն ավելի անվտանգ է, քան Երևանում

Երևանը հեծանվորդներին հարմարեցված քաղաքը չէ։ Մինչ մայրաքաղաքում փորձում են լուծել հեծանվորդների տեղաշարժի հարցը, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Վանաձորում, հեծանվուղին արդեն պատրաստ է։
Sputnik

Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա

Ի տարբերություն աշխարհի բազմաթիվ մայրաքաղաքների, Երևանը հարմար չէ հեծանվային երթևեկության համար։ Քաղաքում չկան ո՛չ հեծանիվների համար առանձնացված ուղիներ, ո՛չ էլ հեծանվորդների համար նախատեսված այգիներ։ Չնայած անհարմարություններին՝ օրեցօր ավելանում են մարդիկ, որոնք նախընտրում են հեծանիվով շրջել, ու դրան զուգահեռ քաղաքում աճում է հեծանիվների ու դրանց աքսեսուարների մասնագիտացված խանութների, ինչպես նաև հեծանիվների վարձակալությամբ զբաղվող կազմակերպությունները թիվը:

Հեծանիվների վարձակալությամբ, վաճառքով և վերանորոգմամբ զբաղվող կազմակերպության ներկայացուցիչ Արթուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ լինում են օրեր, երբ իրենց մոտ դատարկություն է. բոլոր հեծանիվները տաք կարկանդակների պես սրբում-տանում են։

«Հատկապես շաբաթ-կիրակի մի քանի տասնյակ հեծանիվները բոլոր ցանկացողներին չեն բավականացնում։ Մարդիկ հեծանիվները վերցնում են ժամերով, օրերով ու անգամ շաբաթներով» - ասաց նա։

Լինում են դեպքեր, երբ այցելուները մի քանի օրով վարձակալում են հեծանիվները, բայց այնքան են սովորում դրանց, որ վերադառնում են գնելու նպատակով։

Փոքրիկ դրախտ հեծանվորդների համար. Վանաձորում հեծանիվ քշելն ավելի անվտանգ է, քան Երևանում

«Մեր հաճախորդները հիմնականում 20-30 տարեկան են։ Լինում է, որ խմբերով են գալիս ու քաղաքից դուրս են գնում։ Քաղաքում շատ դժվար է հեծանիվով երթևեկել. կա՛մ զբոսայգիներում պետք է վարեն, որոնք փոքր են, կա՛մ փողոցներում, որոնք անվտանգ չեն», - ասաց նա։

Կարինեն ու Նանան վելոշերինգի մշտական հաճախորդներն են: Աղջիկների բջջային հեռախոսներում կան ծրագրեր, որոնց շնորհիվ նրանք գտնում են մոտակա ազատ հեծանիվներն ու տասը րոպեից մի ժամ շրջում դրանցով։

 «Կարող եմ հեծանիվով զբոսնել այգում ու քիչ թե շատ անվտանգ փողոցներում, հետո տաքսի վերցնել ու ուզածս տեղը հասնել: Ինձ ձեռնտու է», - ասաց Կարինեն։

Ծաղկող բիզնես համավարակի պայմաններում․ հեծանիվների վարձույթը Երևանում բում է ապրում

Նանան նախընտրում է բացառապես այգիներով շրջել։

«Փողոցներում մեքենաներին զուգահեռ գնալը վախենալու է, բացի այդ, որոշ վարորդներ կարող են երկար «սիգնալ տալ»։ Ստիպված քշում եմ այգիներում՝ Անգլիական այգում, Կոմիտասի անվան պանթեոնի այգում։ Այստեղ էլ փոքր երեխաներն են խանգարում, քիչ է մնում անիվների տակ ընկնեն: Բայց ընտրություն չկա, եթե սիրում ես քշել, ստիպված ես քաղաքի հետ «փոխզիջման» գնալ», - ասում է Նանան։

Հատկանշական է, որ տարիներ առաջ (դեռ նախկին իշխանության օրոք) Երևանում փորձել են ճանապարհներին հեծանվորդների համար հատուկ նշումներ անել։ Սակայն հեծանվորդները հազվադեպ էին օգտվում դրանցից, քանի որ երթուղայինների, ավտոբուսների ու ավտոմեքենաների վարորդներն ամբողջովին անտեսում էին դրանք։ 2018 թվականին մայրաքաղաքի որոշ փողոցներում հայտնվեցին ճանապարհային նշաններ «Կիսիր ճանապարհը հեծանվորդի հետ» գրությամբ։ Նշանը նախատեսված է ավտոմեքենաների վարորդների համար, որ նրանք ավելի զգույշ լինեն ու անհրաժեշտության դեպքում ճանապարհը զիջեն հեծանվորդներին:

Ի տարբերություն մայրաքաղաքի, որտեղ հազիվ են հոգում հեծանվորդների կարիքները, Վանաձորում հետաքրքիր փոփոխություններ են տեղի ունենում։ Երիտասարդ ամուսիններ Էմմա Պետրոսյանն ու Վաղինակ Կարապետյանը Երևանից տեղափոխվել են Վանաձոր ու որոշել են քաղաքը հեծանվորդների համար փոքրիկ դրախտի վերածել:

«Սկզբում ՀԿ բացեցինք, Boo Mountain Bike Park նախաձեռնությունը ստեղծեցինք, հետո` հեծանիվների վարձույթի խանութ, հիմա հեծանվորդների համար հատուկ սրճարան ենք կառուցում։ Մենք դիմեցինք Վանաձորի քաղաքապետարան, ու մեզ թույլ տվեցին հեծանվուղիներ անցկացնել քաղաքի որոշ հատվածներում։ Այժմ շարունակում ենք աշխատել բնապահպանության նախարարության հետ, որ մեզ թույլատրեն անտառային և լեռնային շրջաններում ևս մի քանի հեծանվուղի անցկացնել», - ասաց Էմման Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Վանաձորի քաղաքապետարանը համաձայնել է նաև 2 հա տարածք փոխանցել երիտասարդ էնտուզիաստներին, այնտեղ Էմման ու Վաղինակը պատրաստվում են «սքեյթփարկ» կառուցել:

«Մեր գլխավոր նպատակն է Վանաձորը հետաքրքիր դարձնել ոչ միայն Երևանից կամ Հայաստանի այլ վայրերից եկած զբոսաշրջիկների, այլ նաև արտասահմանիցների համար։ Մեր Discover Vanadzor on Two Wheels («Բացահայտեք Վանաձորը երկու անիվների վրա») նախաձեռնության շրջանակում ցանկացողներին ցույց ենք տալիս քաղաքը, Վանաձորի տեսարժան վայրեր, ինչպես նաև մոտակա անտառներում ու լեռներում հեծանվային արշավներ ենք կազմակերպում», - ասաց Էմման:

Նրա խոսքով՝ Վանաձորում այդքան շատ չեն մարդիկ, որոնք ուզում են հեծանիվ վարձել ու միանալ ուղևորություններին: Ամեն դեպքում սա մայրաքաղաքը չէ։

Բայց չկա չարիք առանց բարիք. ի տարբերություն Երևանի քաղաքապետարանի, որը պահանջում է բյուրոկրատիայի մի շարք փուլեր անցնել մարդկանց նախաձեռնությունը կյանքի կոչելու համար, Վանաձորի քաղաքապետարանում հասցնում են լսել բնակիչների գաղափարները և ամեն կերպ աջակցել նրանց նախաձեռնություններին։