ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է թիմակիցներին, դաշինքի համակիրներին և մեր բոլոր քաղաքացիներին։
Ռոբերտ Քոչարյանի կոչը կազմված է 10 կետից.
- Քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ մեր ծրագրի բովանդակության վրա։ Մեր ծրագիրն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ։
- Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը։
- Մոռացե´ք գործող իշխանությանը, այն չկա մեր օրակարգում, կենտրոնացեք անելիքների վրա, ապագայի վրա։
- Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների։
- Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են։
- Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ։
- Կոչ եմ անում պետական համակարգի աշխատողներին. ձեր ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։
- Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները։
- Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ։
- Այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ։
«Մենք անպայման ունենալու ենք անվտանգ սահմաններ, անպայման ունենալու ենք կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, մենք անպայման ունենալու ենք աշխատող ու զարգացող պետություն»,–գրել է Ռոբերտ Քոչարյանը` հավաստիացնելով, որ ամեն ինչ լավ է լինելու։
Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։