ՌԱԴԻՈ

Ինչպես կարող ենք գոյատևել այս վտանգավոր խաչմերուկում. Զոհրաբյանը` իրենց նպատակների մասին

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների` պաշտոնապես մեկնարկած քարոզարշավին։
Sputnik
Ինչպես կարող ենք գոյատևել այս վտանգավոր խաչմերուկում. Զոհրաբյանը` իրենց նպատակների մասին

«Զարթոնքն» իր քարոզարշավը սկսեց Սբ. Աննա եկեղեցուց, զանգերի ղողանջի ներքո` ստանալով քահանայի օրհնությունը։ Արա Զոհրաբյանի փոխանցմամբ ` կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավի հենց առաջին օրը խոսել են քաղաքացիների հետ և իրականացրել քայլերթ` բուկլետներ բաժանելով մարդկանց, իսկ երեկոյան նմանօրինակ գործողություն նախատեսվում է իրականացնել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ 

«Երեկ հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության մի հաղորդում, եթերում տեղի ունեցավ հանրային քննարկում, որտեղ ներկայացված էին վեց նորաստեղծ կուսակցություններ, սակայն այդ քննարկման ժամանակ իմ արտաբերած խոսքերը հետո մոնտաժել էին, այսինքն` տեղի ունեցավ բանավեճ հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ և իրենք որոշել էին, որ ինչ-որ հատված պետք է հանեին իմ խոսքերից։ Կարծում եմ, որ սա ուղիղ խոչընդոտ է մեր իրավունքների հանդեպ, նման բան ո՛չ իրավական, ո՛չ բարոյական հարթությունում չի կարելի անել»,– նշեց Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահը։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Զոհրաբյանի հավաստմամբ` եթե պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի ընթացքում իրենք բախվեն նման խոչընդոտների, ապա անպայման փորձելու են իրավական լուծումներ գտնել։ 

«Մեզ կընտրեն ազգային քրիստոնեական արժեքներ կրող մարդիկ, ովքեր իսկապես հասկանում են, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին թշնամուց մեզ կարող է պահել մեր արժեհամակարգը։ Մեր քարոզչության հիմնական թիրախը հենց այդ է, մեզ հարազատ մարդիկ են ու նաև նրանք, ովքեր դեռևս չեն գիտակցել, որ արժեհամակարգն է ամենակարևորը։ Մենք բնականաբար պահպանողական ենք, բայց պահպանողականությունը չի կարելի նույնացնել հետամնացության հետ։ Մեզ մյուս էթնոս խմբերից տարբերում է մեր մշակույթը, լեզուն։ Հետևաբար դրանք պահպանելով` կարող ենք ապրել այս վտանգավոր խաչմերուկում, երկու թշնամի պետությունների հարևանությամբ»,– նշեց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` պատերազմից հետո մեր հասարակությունը պատշաճ կերպով չարձագանքեց պարտության պատասխանատուներին և նույնիսկ այս վիճակում, երբ ունենք այսքան զոհեր, երբ ոչ բոլորի մարմիններն են թաղված, խոսում են այսպես կոչված ադրբեջանասիրության մասին, տնտեսական օգուտի մասին, ինչը նշանակում է, որ մեր արժեհամակարգն  այսօր ընկճված է։        

«Ինչ ասել եմ` պահելու և պահպանելու եմ». Ծառուկյանը` Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 22 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են պաշտոնական տվյալներում Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։