ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները՝ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցը, Արմեն Ղևոնդյանը ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ԱԳ փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանի հրաժարականի մասին։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:
Նույն օրը տեղեկություն տարածվեց, որ հրաժարականի դիմումներ են գրել նաև բոլոր փոխարտգործնախարարները, սակայն նախարարությունից այդ լուրը հերքեցին։
Չնայած դրան՝ կառավարության հերթական նիստում ԱԳՆ-ից ոչ ոք չէր ներկայացել։