Երևանում նոր վերելակներ կտեղադրեն պատերազմում հաշմանդամություն ստացած մարդկանց համար

Քաղաքային իշխանությունն առաջնահերթ կարգով կընտրի այն շենքերը, որտեղ պատերազմում տուժած քաղաքացիներ են բնակվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանի իշխանությունները նոր վերելակներ կտեղադրեն այն շենքերում, որտեղ բնակվում են Արցախում ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ստացած զինծառայողները։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

Գազելներից և «մահվան» վերելակներից մինչև չնշվող տոներ. ի՞նչ է փոխվել Երևանում 2.5 տարում 

2019թ․-ին քաղաքապետարանը մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում 520 վերելակ է փոխարինել, 2021թ․-ին ուզում են ևս 54-ը փոխարինել նորով։ Այս անգամ առաջնահերթ կարգով ուշադրություն կդարձենեն ոչ միայն վերելակի ֆիզիկական մաշվածությանը, այլև այն հանգամանքին, թե ապրո՞ւմ են արդյոք տվյալ շենքում ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած քաղաքացիներ։

«Դուք գիտեք, որ նոր վերելակների դռներն ավելի լայն են բացվում, այսինքն՝ նրանք կարող են տեղավորել նաև հաշմանդամի սայլակով քաղաքացիներին»,-նշեց Ներսիսյանը։

Երևանի քաղաքապետարանը նոր վերելակների տեղադրման պարտավորություն չունի. Սարգսյան

Վերելակի մասերը մատակարարվում են Բելառուսից (Մոգիլևսկի վերելակաշինական գործարան), այստեղ դրանք հավաքում է «Ռաֆէլգրիգ» տեղական ընկերությունը։ Մեկ վերելակի պայմանագրային արժեքը միջինում 10 միլիոն դրամ է։ Հստակ արժեքը կախված է այն բանից, թե ինչպիսի շենքում է այն տեղադրվում (9, 14, թե 16– հարկանի)։

Վերելակների համեմատաբար ցածր արժեքի շնորհիվ (շուկայում այլ վերելակների համեմատ), մոտակա ամիսներին քաղաքապետարանը կդիտարկի նոր վերելակներ գնելու հնարավորությունը։ Դա կախված կլինի միջոցների խնայումից (համապատասխան հաշվարկները քաղաքային իշխանությունները կավարտեն հունիսի վերջին)։

Թուրքական ապրանքների արգելքը կերկարաձգվի ևս 6 ամսով. արգելվել է նաև վերելակների ներկրումը