Դաստիարակները պետք է ստանան 250–300.000 դրամ աշխատավարձ. Փաշինյան

Փաշինյանն ընդգծեց, որ նորակառույց դպրոցներում և մանկապարտեզներում դաստիարակներն ու ուսուցիչները չպետք է աշխատանքի ընդունվեն խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով, այլ պետք ունենան բարձրագույն կրթություն, բարձր որակավորում, քանզի նրանք են կրթելու ապագա սերնդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրով Արմավիրի մարզի Գայ համայնքում է։ Համակիրներին ներկայացնելով նախընտրական ծրագիրը, Փաշինյանը շեշտեց, որ իրենք առաջնահերթ են համարում մարդկային ռեսուրսների զարգացումը։

«Բա ինչո՞ւ չես գնդակահարում քեզ դրա համար». Փաշինյանը պատասխանեց Սերժ Սարգսյանին

«Դա կրթությունն է, որը զարգացնելու ենք` սկսած նախակրթարաններից։ Առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում առնվազն 300 մանկապարտեզ և 300 դպրոց ենք կառուցելու (ներկայիս կառուցվող դպրոցներն ու մանկապարտեզները չհաշված)։ Սրանով մենք կլուծենք կարևոր հարց, երբ մանկապարտեզներից սկսած` կկազմակերպենք երեխաների կրթությունը»,–ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ այդ դպրոցներում և մանկապարտեզներում դաստիարակներն ու ուսուցիչները չպետք է աշխատանքի ընդունվեն խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով, այլ պետք ունենան բարձրագույն կրթություն, բարձր որակավորում, քանզի նրանք են կրթելու ապագա սերնդին։

«Ուսուցիչները, դաստիարակները պետք է ստանան բարձր աշխատավարձ, ընդհուպ 250–300.000 դրամ։ Ուսուցիչ, բժիշկ, զինվոր, այս երեք սուբյեկտներն են մեր պետության հենասյունը, նրանք պետք է ունենան պատշաճ աշխատավարձ»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով`30 տարվա անկախությունից ի վեր «մենք շարունակում ենք մնալ կիսակատար և չզարգացած մի պետություն»։

«2019 թվականի դրությամբ` Հայաստանում ապրող 10 տարեկան երեխաների 30 տոկոսը կարդալ–գրել չգիտի, սա աղետ է, որին մենք առերեսվել ենք, և մենք շրջահայաց քայլերով պետք է առաջ գնանք»,–ասաց նա։

Հիշեցնենք` այսօրվանից` 2021 թվականի հունիսի 7-ից, մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը:

«Մեղրիի միջանցք» տրամադրելն անթույլատրելի է, ես գիտեմ` ինչ է Թուրքիան ուզում. Քոչարյան