«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու

Առաջին նախագահի դիտարկմամբ` հիմա Հայաստանում կա քաղաքական երկու բևեռ, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանության ու հանուն դրա պատրաստ են ամեն ինչի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, և ընտրություններն էլ սովորական ընտրություններ չեն: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները: Կա երկու բևեռ, որոնք ցանկանում են ամեն գնով հասնել իշխանության: «Ամեն գնով» բառը ես հենց այնպես չեմ օգտագործում; Նրանք պատրաստ են ամեն ինչի: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների»,- ասաց նա:

Տեր-Պետրոսյանի դիտարկմամբ` եթե պատերազմում նման ցավալի պարտությունից հետո բոլոր նորմալ ազգերը սթափվում են, ապա Հայաստանում առկա քաղաքական երկու հակադիր բևեռները երկիրը նետում են ավելի խորը փոսի մեջ:

ՀԱԿ–ն առաջարկում է փոխել Սահմանադրությունն ու 1 տարվա ընթացքում ՀՀ նախագահ ընտրել

«Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի: Մենք արդեն տեսել ենք` նրանց ազնիվ խոսքը ինչ է արժեցել մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

ՀՀ առաջին նախագահի կանխատեսմամբ` ընտրություններում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, հազարավոր միջադեպեր, որոնք կարող են նաև անկառավարելի դառնալ:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։

Հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը. ՀԱԿ-ը ներկայացրեց նախընտրական ծրագիրը