ՌԱԴԻՈ

Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

Հաշված ժամեր են մնացել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկին: Ընտրապայքարի հայտ ներկայացրած 26 քաղաքական ուժերից որն ինչ շանսեր ունի օրենսդիրում հայտնվելու. Sputnik Արմենիայի հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Sputnik
Քարոզարշավը կարող է խառնել բոլոր խաղաքարտերը

Քարոզարշավի մեկնարկի նախօրեին ընտրապայքարի մեջ մտած քաղաքական ուժերին պայմանական կարելի է բաժանել երկու մասի` ազդեցիկ և ֆոնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Ազդեցիկները 4-ն են՝ «Հայաստան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մյուսները «երանգային» կամ «ֆոն» ստեղծող ուժերն են:

Վերջիններիս՝ սահմանված  նվազագույն շեմը հաղթահարելու շանսերը խիստ կասկածելի են, գրեթե զրոյական, քանի որ չունեն համապատասխան ընտրազանգված: Քաղտեխնոլոգի խոսքով՝ նրանց բոլորի ստացած քվեների հանրագումարը չի կարող գերազանցել 7 տոկոսի շեմը:

Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. սոցհարցում

«Նրանց քարոզարշավը հիմնականում լինելու է աղմկոտ, այսինքն` նրանք տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ կտան, տարբեր քննարկումների կմասնակցեն, աղմուկ կբարձրացնեն և կխանգարեն միմյանց, բայց  4 ազդեցիկներին չեն խանգարի»,- ասաց նա:

Ազդեցիկ ուժերից հիմնական ֆավորիտները 2-ն են՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Հենց նրանց միջև է լինելու վարչապետի պաշտոնի համար մղվող հիմնական պայքարը:

«Այդ երկու ուժերի համար հաղթանակը գին ունի. և՛ ՔՊ-ի, և՛ «Հայաստան» դաշինքի ղեկավարների համար գինը վարչապետի պաշտոնն է, ոչ թե 20-25-30-40, անգամ 49 մանդատ ստանալը»,- նշեց քաղտեխնոլոգը:

Նրա դիտարկմամբ՝ ԲՀԿ-ն կպայքարի Ազգային ժողովում այս պահին ունեցած տոկոսային հարաբերակցությունը պահպանելու, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ խորհրդարանում որոշակի մանդատներ ստանալու համար:

Բադալյանի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերն էլ քարոզարշավի փուլ են մտնում բավականին լուրջ թերություններով: «Հայաստան» դաշինքն, օրինակ, իր քաղաքական լիդերի կերպարը ներկայացնելու խնդիր ունի: Գրագետ քարոզարշավի դեպքում միայն դաշինքը կարող է քվեների թիվն ավելացնել:

Ամեն ինչ իշխանությանը դեմ է. ինչ են քարոզելու ընտրարշավի ժամանակ 

«Հայաստան» դաշինքին դեռևս չի հաջողվել լիարժեք ներկայացնել իր ղեկավարի կերպարը, որն այս պահի դրությամբ բավականին պահանջարկ ունի։ Այս երկու շաբաթվա ընթացքում նրանք կարող են այդ թերությունը վերացնել և բավականին հաջող արդյունք գրանցել»,- ընդգծեց նա։

«Քաղաքացիական պայմանագիրը», ըստ քաղտեխնոլոգի, հասկանալի պատճառներով, չի կարող որակյալ քարոզարշավ իրականացնել, հետևաբար՝ նրան այլ բան չի մնում, քան հասարակության մեջ նախկինների մասին վատ հիշողությունները թարմացնել:

«Պատերազմը, կապտուլյացիան… Փաշինյանը բավականին մեծ հակավարկանիշ ունի և քարոզարշավի հիմնական շեշտը դնում է նախկիններին քննադատելու վրա։ Հայաստանում կա մի ընտրազանգված, որը մերժում է նախկիններին, այդ իսկ պատճառով այդ խումբը հանդիսանալով իշխող քաղաքական ուժի հիմնական թիրախը՝ ընդունում է նաև նրա քարոզչությունը»,- հավելեց Բադալյանը։

Հայկ Մարությանն ուզում է հեռանալ քաղաքականությունից և Հայաստանից

Նրա կարծիքով՝ քարոզարշավի ընթացքում այս համամասնությունը կարող է փոխվել: Ամեն ինչ ավելի հստակ կլինի քարոզարշավի ավարտից հետո միայն, երբ քաղաքական ուժերի աշխատանքը հնարավոր կլինի արդեն գործնականում դիտարկել: 

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։

Քարոզարշավը մեկնարկում է հունիսի 7-ին։