ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանում համակիրների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է առյուծի վրա նստած իր հայտնի լուսանկարի պատմությանը` նշելով, որ դա տարիներ առաջ Տանզանիայում արված լուսանկար է:
«Մի շատ հայտնի, համաշխարհային անուն ունեցող մարդու հրավերով եմ եղել, իր ընտանիքի հրավերով Տանզանիայում անցկացրել եմ մեկ շաբաթ, իմ նախագահության տարիներին չի եղել»,– ասել է Քոչարյանը։
Նա չի հերքել, որ որսորդության սիրահար է, բայց պնդել է, որ դա այդ կարգի որսորդության միակ դեպքն է եղել։
Քոչարյանը նաև հայտնել է, որ ՀՀ որսորդմիության անդամ է, ունի անդամության գրքույկ, որսորդական զենք` իր անվամբ գրանցված:
«Բնությունը շատ եմ սիրում, շատ եմ հարգում, դրա համար սեզոնից դուրս որևէ տեղ որս չեմ արել, որևէ անօրինական բան այդ առումով չեմ արել»,-ասել է նա:
Քոչարյանն անդրադարձել է նաև Տանզանիայում առյուծի հետ արված իր լուսանկարի շուրջ վերջին օրերի շահարկումներին` ասելով. «Հիմա եթե ավտոգրաֆ է ուզում, խնդրեմ, կարամ մակագրեմ` ամսի 21-ին: Իկոնայի պես նկարս բռնած գնում, գալիս է»:
Փաշինյանի ու Քոչարյանի ընտրողների թիվը գրեթե հավասարվել է. սոցհարցում
Հիշեցնենք` վերջին օրերի մարզային այցելությունների ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին է ներկայացրել Քոչարյանի լուսանկարը` որսի ժամանակ սպանված առյուծի հետ` պահանջելով, որ երկրորդ նախագահը ապացույցներ ներկայացնի իր հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։
Այս հայտարարությունը Փաշինյանն արել էր այն բանից հետո, երբ Քոչարյանն իրենից բժշկական տեղեկանք էր պահանջել` նախընտրական բանավեճի հրավերն ընդունելու համար։