Ձին արածելիս հատել է սահմանը. Տեղ գյուղում հերքում են ադրբեջանցիների ներխուժման լուրը

Ավելի վաղ հայտարարվել էր, թե ադրբեջանցիները մտել են գյուղ, գողություն ու անկարգություններ արել ու նաև` գողացել գյուղացիներից մեկի ձին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Սյունքի մարզի Տեղ խոշորացված համայնքի համայնքապետարանը հերքում է համայնքի կազմում գտնվող Խնածախ գյուղի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանցիները մտել են իրենց գյուղ, գողություն ու անկարգություններ արել ու նաև գողացել իր ձին։

Կութում հովվի ուղղությամբ կրակահերթը տևել է մոտ 30 րոպե. Թաթոյանը մանրամասներ է հայտնում

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մեսրոպյանի ձին արածելիս հատել է սահմանը, ու այս պահին թշնամու մոտ է։ Գյուղի երիտասարդները, ովքեր գիշեր֊ցերեկ Առաջին բանակային կորպուսի հետ հսկում են սահմանները, վրդովված են համագյուղացու հայտարարությունից»,– ասված է համայնքի ղեկավարության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը այս պահին ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ է իրականացնում՝ Հրահատ Մեսրոպյանի ձին վերադարձնելու համար։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։