Ամենայն հայոց կաթողիկոսը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 5-ին հանդիպել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, տեղեկացնում են Արցախի կառավարության լրատվական ծառայությունից:

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այցելել է Ամարասի վանք և օրհնել զինծառայողներին

Ընդգծելով Վեհափառ Հայրապետի այցի կարևորությունն ու խորհրդանշականությունը՝ Արտակ Բեգլարյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմյան իրավիճակում արցախահայությունն ունի հոգևոր տևական զորակցության մեծ կարիք, և Հայ առաքելական եկեղեցին այդ հարցում բացառիկ առաքելություն ունի կատարելու:

«Այդ առումով Ձեր Հայրապետական այցն ու մաղթանքը յուրահատուկ դրական խթան են արցախցիների հոգևոր կյանքի վերելքի և վերքերի ամոքման համար: Մենք շնորհակալ ենք, որ Արցախը մշտապես եղել ու գտնվում է Հայ առաքելական եկեղեցու հոգածության կիզակետում՝ վստահ լինելով, որ նաև դրա շնորհիվ կկարողանանք արժանապատվորեն հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները և բռնել Հայրենիքի վերականգնման ու զարգացման ուղին»,- նշել է պետական նախարարը:

Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն զորակցելու հավատավոր ժողովրդին: Նա նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին զորավիգ է արցախահայության պայքարին և՛ հոգևոր, և՛ մարդասիրական աջակցության միջոցներով:

Պատերազմից հետո առաջին անգամ Շուռնուխում կաթողիկոսի օրհնությամբ պսակադրություն է եղել

Կողմերը քննարկել են Արցախում իրագործվող մի շարք մարդասիրական ծրագրեր, ինչպես նաև հնարավոր համագործակցության հարցեր տարբեր ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է հատկապես ներկա պայմաններում ներազգային համերաշխության ու միասնականության խիստ անհրաժեշտությունը առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու համար:

Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը քառօրյա այցւվ մեկնել է Սյունիք, այնտեղից՝ Արցախ։