Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»

Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել աշխատանքային պայմաններին։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Աբովյանում և Հայաստանի մյուս քաղաքներում դատաբժշկական գիտագործնական կենտրոնների արդիականացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Զեկուցվել է սառնարանային կարողությունների հզորացման, լաբորատոր հնարավորությունների ապահովման և դատաբժշկական անհրաժեշտ չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացվող փոփոխությունների մասին։

Նիկոլ Փաշինյանն այցելել է Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»

Վարչապետի պաշտոնակատարին պարզաբանումներ են ներկայացվել Աբովյանի դիահերձարանից օրեր առաջ հրապարակված հայտնի կադրերի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ մարմինները պահվում են համապատասխան սառնարանային պայմաններում։

Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը հետևողական է լինելու համակարգի արագ բարեփոխման, անհրաժեշտ մասնագիտական ու աշխատանքային կարողությունների ձևավորման գործում և հանձնարարել պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել գործընթացը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հասարակության շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որում երևում է, որ Աբովյանի դիահերձարանում զինծառայողների մասունքները պարկերով նետված են գետնին։

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից:

ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել է խիստ նկատողություն:

«Իմ բացթողումն է». Անահիտ Ավանեսյանը` դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման դեպքի մասին