Ադրբեջանում գտնվող հայ գերիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ բոլոր բանակցությունները մինչև այս պահն անարդյունք են եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի նախկին ղեկավար Արմեն Կապրիելյանը։
«Անընդհատ լսում ենք բանակցությունների մասին, բայց դրանց արդյունքն այդպես էլ չի երևում, որովհետև հայկական կողմը թույլ դիրքերից է հանդես գալիս»,- ասաց նա։
Նույն խնդրով 12 տարվա բանակցային փորձ ունեցող Կապրիելյանի կարծիքով` տպավորություն է, որ հայկական կողմը և՛ գերիների, և՛ սահմանային լարվածության ու խնդիրների, և՛ մյուս բոլոր հարցերի դեպքում ոչ թե բանակցում է, այլ լսում, թե հակառակորդն ինչ է ասում։
«Ժամանակին մենք բավականին ամուր, հստակ դիրքերից ենք հանդես եկել։ Այստեղ շատ կարևոր է, թե ինչ դիրքերից հանդես կգաս, որքան քո ասելիքը կպնդես։ Պետք է այնպես անել, որ հակառակորդը լսի, ընդունի, հասկանա, և գուցեև հասնես նրան, որ քո շահերը բավարարվեն, քո ուզածին հասնես կամ գոնե որոշակի արդյունք ունենաս»,- նշեց Կապրիելյանը։
Հիշեցնենք, որ արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելուց ի վեր Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 73 գերի։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում է գերության մեջ մնալ ավելի քան 200 հայ, այդ թվում մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված ՀՀ 6 զինծառայողները։
Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+