«Սբերը» կօգնի, որ «Հայփոստը» նորարարական ՏՏ լուծումներ ներդնի տրանսպորտի ոլորտում

Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակ կներդրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում «Սբեր» («Сбер») համակարգի անդամ «Հաշվարկային լուծումներ» è»(«Расчетные решения») բաժնետիրական ընկերությունը և «Հայփոստը» կնքել են համագործակցության համաձայնագիր։ Տեղեկությունը հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթը ստորագրել են «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը, «Հաշվարկային լուծումներ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Կազակովը և «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Կողմերը նախատեսում են համագործակցել հետևյալ ուղղություններով․

  • ՏՏ արտադրատեսակների, վճարային ծառայությունների և տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ներդրման գործում «Սբերի» և «Հաշվարկային լուծումների» փորձի ամփոփում և համակարգում, «Հայփոստի» հետ փորձի և տեխնոլոգիաների փոխանակում,
  • «Հաշվարկային լուծումների» տեխնոլոգիաների և մշակած նախագծերի հիման վրա Երևանում երթևեկության անկանխիկ վճարման տրանսպորտային տեխնոլոգիական հարթակի ներդրման նախագծի իրականացում,
  • Տրանսպորտի ոլորտում նորարարական լուծումների ապահովման և Երևանում երթևեկության անկանխիկ վճարման շրջանակներում «Հայփոստին» «Սբերում» գործածվող երթևեկության վճարման ժամանակակից սարքավորման փոխանցում և ներդրում․
  • Բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մանրածախ բիզնեսի և առևտրի, վճարահաշվարկային և այլ ֆինանսական ու բանկային ծառայությունների մասով համագործակցության այլ ոլորտների բացահայտում՝ ներգրավելով այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «СберТех»-ը և «СберЛогистика»-ն («Սբերի» դուստր ընկերություններ), iNovation, HayPost Retail («Հայփոստի» դուստր ընկերություններ) և այլ դուստր ձեռնարկություններ։

«Սույն համաձայնագիրն արտացոլում է Հայաստանում տրանսպորտային տոմսային լուծումների և հանրային տրանսպորտում երթևեկության վճարային ծառայությունների համատեղ զարգացման մեր նպատակաուղղվածությունը։ Մեր «Հաշվարկային լուծումներ», «СберТех» և «СберЛогистика» դուստր ընկերությունների տեխնոլոգիաների, մասնագիտական հմտությունների և հարուստ փորձի շնորհիվ մենք կարող ենք «Հայփոստ»-ին առաջարկել համակարգային աջակցություն՝ նորարարական ՏՏ արտադրատեսակների ներդրման գործում»,– նշել է «Սբերբանկի» վարչության նախագահի տեղակալ Կիրիլ Ցարյովը։

Մակրոնի ստորագրությամբ փոստային ծրարը հանվել է աճուրդի. «Հայփոստը» զարգացնում է ֆիլատելիան

«Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանն էլ ասել է, որ «Սբերբանկի»՝ տրանսպորտային միջոցներում գործածվող վճարային ՏՏ լուծումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը թե՛ Մոսկվայում, թե՛ Ռուսաստանի Դաշնության այլ մարզերում:

«Ես վստահ եմ, որ տրանսպորտային միջոցներում անհպում վճարման այս առաջատար տեխնոլոգիաների տեղայնացման շնորհիվ Հայփոստը կարող է արագ ապահովել այս նորարարության ներդրումը Հայաստանի բոլոր քաղաքներում։ Սա մեր առաջին համատեղ նախագիծն է, և լիահույս ենք, որ «Սբերն» ու «Հայփոստը» կունենան երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցություն»,– նշել է նա։

«Սբերբանկ» ՀԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկն է և գլոբալ ֆինանսական առաջատար կառույցներից մեկը։ «Սբերբանկին» է պատկանում Ռուսաստանի ամբողջ բանկային ոլորտի ակտիվների մոտ մեկ երրորդ մասը։

2020 թվականին «Սբերբանկը» վերաբրենդավորում իրականացրեց, և այժմ այն մասնավոր ու կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է բանկի և «Սբերբանկի» խմբի ընկերությունների տարբեր ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ։ Այսօր «Սբերի» էկոհամակարգը ներառում է կյանքում հարկավոր բազում ծառայություններ, մասնավոր հաճախորդների և գործարարների խնդիրների լուծման ամենօրյա աջակցություն։

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ: