ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում ՝ զբոսաշրջության ոլորտում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան

Հանդիպման ընթացքում դեսպանը նշել է, որ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունների կատարման շրջանակներում էական ներդրում է կատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: Մասնավորապես, ավելացել է ռուսական սահմանապահ զորքերի թվակազմը, հատկացվել են զգալի նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ՝ նրանց գործունեությունն ապահովելու համար։

Իր հերթին մարզպետը շնորհակալություն է հայտնել Մոսկվային 2020 թվականի աշնանը Արցախում ռազմական գործողությունների դադարեցման ու հետկոնֆլիկտային վերականգնման գործում ներդրման համար: Պողոսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռուս սահմանապահների ծառայությունը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել տարածաշրջանի տնտեսական ներուժի իրացմանը, այդ թվում ՝ զբոսաշրջության ոլորտում:

Կոպիրկինն այս համատեքստում նշել է ռուսական կապիտալի ոլորտում տեսանելի ներկայությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կառույցների գծով Ռուսաստանի կողմից իրականացվող նախագծերի ֆինանսավորումը, որոնք ուղղված են բնակչության տարբեր խմբերի և տնտեսության ամբողջ ճյուղերի աջակցությանը:

Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+

Դեսպանը նաև շնորհավորել է մարզպետին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» նախագծի մեկնարկի կապակցությամբ, որի ընթացքում Կապան քաղաքում նախատեսվում է մի շարք խոշոր միջոցառումներ անցկացնել:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։