Քանի՞ միլիոն դոլարի պարգևավճար են ստացել պետական համակարգում. Թունյանը տվյալներ հայտնեց

20 000 պետական ծառայողներ նախորդ տարի պարգևավճարներ են ստացել։ Ընդհանուր գումարը մի քանի տասնյակ միլիոն դոլար է կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Նախորդ տարի պետական կառավարման համակարգի աշխատավարձի ֆոնդը կազմել է 65.5 մլրդ դրամ, և բաժանվել է դրա մոտ 30 տոկոսի չափով պարգևավճար, այսինքն` 45 մլն դոլարի չափով։ Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով պարգևավճարների թեմային։

Որքան պարգևավճար են ստացել պետական աշխատողները. Ջանջուղազյանը թվեր հրապարակեց

Նա նշեց, թե քանի որ շահարկվում էր պարգևավճարների թեման, ֆինանսների նախարարին խնդրել է ինֆորմացիա տրամադրել։ Թունյանի խոսքով` մամուլում ներկայացվում էր, որ պաշտոնյաները 2020-ին ստացել են մոտ 120 մլն դոլարի պարգևավճարներ։

«45 մլն դոլար պարգևավճարի մեջ մտնում են նաև հարկերը, այսինքն` եթե հարկերը հանում ենք, մնում է մոտ 32 մլն դոլար։ Այս գումարը բաժանվել է ոչ թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներին, այլ 20 000 պետական ծառայողներին»,–ասաց Թունյանը։

Նրա խոսքով` վերոհիշյալ թվերը գալիս են փաստելու, որ մանիպուլյացիա էին լուրերը, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաները պարգևավճարներով «եսիմինչեր» են արել։ Թունյանը հավելեց, որ յուրաքանչյուր աշխատողի ամսական միջինը 90 000 դրամ պարգևավճար է բաժին հասել, այսինքն` հարկերն էլ հանած՝ 70 000 դրամ են ստացել։

Թունյանը վստահեցնում է` նախկինում էլ այս համակարգն այսպես թե այնպես գործել է` որոշ կառույցներ ունեցել են արտաբյուջեներ, իսկ, օրինակ, ֆինանսների նախարարությունում միշտ են բաժանվել պարգևավճարներ։

Հսկայական պարգևավճարներից և այլ համեղ արտոնություններից հեշտ չեն հրաժարվում

Պատգամավորն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ պարգևավճարների թիվն ուռճացնողները թող կա՛մ ներողություն խնդրեն հանրությանը մոլորեցնելու համար, կա՛մ էլ հիմնավորեն իրենց ներկայացրած թիվը։