Մոսկովյան բանակցությունները բավականին բովանդակալից են եղել. Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը նշում է, որ ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչ լուծում պետք է լինի հայ-ադրբեջանական սահմանի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի առնչությամբ մոսկովյան բանակցությունները բավականին բովանդակալից են եղել և շեշտադրումներ են արվել հստակ։ ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցւոմ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով լուրերին, թե մոսկովյան բանակցություններն արդյունք չեն տվել։

ՀՀ–ում ՌԴ դեսպանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

«Բանակցություններն ամենաբարձր մակարդակով շարունակվում են, որպեսզի հասնենք նրան, որ Ադրբեջանի ԶՈւ-ն լքի ՀՀ տարածքը։ Դա տեղի է ունենալու ՀՀ ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ։ Այս հարցում ձեռքբերումն այն է, որ ամենաբարձր մակարդակով Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում, թե ինչ լուծում պետք է լինի»,–ասաց Թորոսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ կնքվող նոր փաստաթղթի առկայությանը` Թորոսյանը նշեց, որ պետք է լինի պայմանավորվածությունների արձանագրում, և այս պահին որևէ փաստաթղթի մասին խոսելու իմաստ չկա։

Թորոսյանը հավելեց, որ Հայաստանի ներքաղաքական վիճակը չի խոչընդոտում սահմանին ստեղծված իրավիճակի քննարկմանը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի շրջանառող լուրերին, թե Զանգեզուրի միջանցք են ունենալու` Թորոսյանը նշեց, որ երբևէ որևէ քննարկում չի արվել այդ առումով և չի էլ արվելու, դա որևէ փաստաթղթում նշված չի և չի նշվելու։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։