Հանրապետականներն ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելու մտքից հրաժարվեցին ներքաղաքական գործընթացների պատճառով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։
«Չէինք ուզում փնթիների հետ գնալ ընտրական գործընթացների։ Հիշում եք` մենք շատ ուշ ասացինք այդ մասին։ Մեզ ոչ թե մեզ առաջարկեցին մտնել քաղաքական գործընթացների մեջ, այլ մենք հասկացանք, որ լիազորված ենք դա անել»,- նշեց նա։
Սահակյանի խոսքով` հանրապետականների` ընտրապայքարի մեջ մտնելու որոշումը Հայաստանի քաղաքական դաշտում արդեն իսկ եղանակ է փոխել։
ՀՀԿ փոխնախագահը փոքր-ինչ տարօրինակ է համարում, որ բազմաթիվ մարդիկ կուսակցություններ են հիմնել և փորձում են առիթից օգտվելով իրենց համար քաղաքական ճանապարհ հարթել։ Նրա կարծիքով` այս ընտրություններում հիմնական ֆավորիտները 4-ն են։
«Մարդիկ մտածում են` ընտրություններ են, կուսակցություն կազմենք, գնանք ընտրությունների, կարող է` մեր բախտը բերի և ինչ-որ ձևով հնարավորություն բացվի հետագայի համար։ Կարծում եմ` խորհրդարանում կլինեն 4-5 քաղաքական ուժեր` «Պատիվ ունեմ», «Հայաստան», ԲՀԿ և օրվա տխրահռչակ իշխանությունները։ 5-րդ ուժին դեռ չեմ կարողանում որոշել»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 քաղաքական ուժ։
«Ձեզ համար եմ պատվաստվել, որ ձեզ չվարակեմ». Գալուստ Սահակյանն ընտրել է «Սպուտնիկ V»-ն