«Հեռախոսը վերցրել եմ և ջնջել հոլովակը». Հայկ Սարգսյանը խոսել է աղմկահարույց միջադեպի մասին

Պատգամավորը մանրամասն պատմել է, թե ինչու է վերցրել «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հեռախոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող»)այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է լրագրողի հեռախոսը վերցնելու աղմկահարույց միջադեպին։

«Չհամարձակվեք մեզ ցուցում տալ` երբ գանք նիստին, ինչ անենք». լեզվակռիվ ԱԺ–ում

Երեկ հայտնել էինք, որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մաշտոցի պողոտայի գրասենյակի մոտ վերցրել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսն ու հեռացել։

«Իրականում ի՞նչ է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան, երևի ժամը յոթի սահմանում, երբ ես ընկերներիս հետ քաղաքում էի ոչ աշխատանքային ժամին ոչ աշխատանքային պայմաններում, նկատում եմ, որ ինչ–որ կին նկարում է ինձ և ընկերներիս։ Մոտենում է ու սկսում պտտվելով նկարել»,– ասաց Սարգսյանը լրագրողներին։

Նրա խոսքով` դա, բնականաբար, հաճելի չէր ո՛չ իրեն, ո՛չ իր ընկերներին:

«Այնուհետև տվյալ կինը նկարելով մոտեցավ ինձ: Ասաց՝ բարև ձեզ, ես «Հրապարակ» օրաթերթից եմ: Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, բայց նա շարունակեց հարցեր ուղղել։ Ես ասացի՝ խնդրում եմ, մի նկարահանեք, ես աշխատանքի ժամի չեմ, գործի տեղում չեմ։ Իմ սահմանադրական իրավունքն է շրջել քաղաքում, և որևէ մեկը չի կարող իմ ազատությունը սահմանափակել, ինչպես բոլորինը։ Ես, պատգամավոր լինելուց բացի, առաջին հերթին ՀՀ քաղաքացի եմ և պաշտպանված եմ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով»,-պատմեց պատգամավորը:

Սարգսյանի խոսքով` ինքն ասել է, որ չի ցանկանում հարցերի պատասխանել, բայց լրագրողը շարունակել է հարցեր ուղղել։

«Ես հեռախոսը վերցնում եմ, ջնջում եմ տվյալ հոլովակը, որ նկարել էր իմ կամքից անկախ: Հետո հեռախոսը տվել եմ իմ գործընկերներից մեկին, խնդրել եմ փոխանցել ու ասել, որ նա իրեն լրագրողին հարիր կերպով պահի»,-ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Այլ հարցերի նա չպատասխանեց։

«Ներողություն չեմ խնդրելու, թող ինքը խնդրի». Նազարյանը` Թովմասյանին «իդիոտկա» ասելու մասին