Հայաստանի դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունը հունիսի 4-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի Հանրապետության դպրոցների 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգը»։ Ավարտական դասարաններում կազմակերպվող միջոցառումը կիրականացվի բացօթյա։

Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը

Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերականով դիմել էր Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին միջոցառման մասնակիցների թիվը հնարավորինս սահմանափակել՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:

Նախարարությունը կոչ էր արել նաև բացառել որևէ դրամահավաք։

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված, Ճանապարհային ոստիկանությունը հունիսի 4-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ միջոցառումների շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։

Հիշեցնենք, որ ուսումնական տարին 12-րդ դասարանների համար ավարտվում է հունիսի 4-ին: Տարին շուտ կավարտվի նաև առաջին և երկրորդ դասարանների համար, որոնց ուսումնական շրջանի տևողությունը կարճ է: Մյուս դասարանները տարին կավարտեն հունիսի 18-ին:

Հայաստանում դպրոցականը հին ձեռագրերի տառատեսակը էլեկտրոնայինի ձևափոխող ծրագիր է ստեղծել

Արցախի Հանրապետությունում «Վերջին զանգը» կհնչի հունիսի 5-ին։ Հաշվի առնելով Արցախյան երրորդ պատերազմի հետևանքները՝ այս տարի տոնական որևէ միջոցառում չի իրականացվելու։  2020-2021 ուսումնական տարում շրջանավարտների թիվն Արցախում կազմում է 853՝ նախորդ տարվա 1285-ի փոխարեն։