Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ գերիների վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու կոչեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ գերիների վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու կոչեր:

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս արձանագրումն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում երեկ՝ հունիսի 2-ին տեղի ունեցած հայ գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործով դատական նիստից հետո: Նա իր արձանագրումները ներկայացրել է Facebook–ի իր էջում։

Ո՞ր դեպքում Ադրբեջանը կվերադարձնի հայ գերիներին. Լարիսա Ալավերդյանի դիտարկումները

Նշենք, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն տարածեցին , որում ասվում էր, որ Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան։

«Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա»,–նկատում է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծում է, որ ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:

«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում»,–ասված է ՄԻՊ–ի գրառման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության տարածված կոչեր:

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները քննարկել են գերիների վերադարձման թեման

«Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքականացնում են մարդասիրական հարցերը»,–արձանագրել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի: