Ճիշտ դելիմիտացիան ու դեմարկացիան մարդու իրավունքների երաշխիք է. ՄԻՊ

Ադրբեջանցիների միայն ներկայությունը հայկական գյուղերի տարածքում, Արման Թաթոյանի խոսքով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի խախտում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ճիշտ դելիմիտացիան ու դեմարկացիան մարդու իրավունքների երաշխիք է։ Այս մասին այսօր ԱԺ–ում, 2020թ–ի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ իր խոսքում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` միաժամանակ հավելելով, սակայն, որ ներկա իրավիճակում չի կարող լինել դելիմիտացիա ու դեմարկացիա։

Ադրբեջանցիները Գեղարքունիքում մեքենաները կանգնեցնում են, անգամ փորձում խուզարկել. Թաթոյան

«Ինչո՞ւ, որովհետև եթե մենք հիմա միայն իրականացնենք դելիմիտացիա ու դեմարկացիա` առանց անվտանգության գոտի ստեղծելու, դա նշանակում է, որ մեր քաղաքացիների իրավունքները շարունակելու են մնալ ոտնահարված, որովհետև ադրբեջանական զինծառայողները այնտեղ եկել են, նստել»,– ասաց Թաթոյանը։

Նա նաև հայտարարեց, որ ադրբեջանցիների միայն ներկայությունը հայկական գյուղերի տարածքում ինքնին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի խախտում է։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։