«Չհամարձակվեք մեզ ցուցում տալ` երբ գանք նիստին, ինչ անենք». լեզվակռիվ ԱԺ–ում

Իմքայլական պատգամավորի և ԲՀԿ–ական պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց այն պատճառով, որ փոխարտգործնախարարները չեն ներկայանում հանձնաժողովների նիստերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Այսօր Ազգային ժողովում պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց. պատճառն այն էր, որ արտգործնախարարի որևէ տեղակալ երեկ չէր ներկայացել 3 հանձնաժողովների բյուջետային քննարկմանը։ Խնդիրը բարձրաձայնեց ԲՀԿ–ական պատգամավոր Միքայել Մելքումյանը` ասելով, որ երեկ քննարկումներին ներկա էր միայն ֆինանսական վարչության պետը, որը բավականին տհաճ վիճակում էր հայտնվել, քանի որ կոմպետենտ չէր` ինչ է կատարվում ԱԳՆ–ում։

Ո՞րը կլիներ Արա Այվազյանի ճիշտ քայլը. Ղազարյանը` ԱԳՆ–ում ստեղծված ճգնաժամի մասին

«Սա անհետևանք չպետք է թողնել, և հենց հիմա պետք է պահանջել, որ ԱԳՆ–ից բացատրություն տան։ Այս ամենը խոսում է այն մասին, որ պետական կառավարման համակարգը գնում է այսպես ասած «на нет»»,–ասաց Մելքումյանը։

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հակադարձեց Մելքումյանին` ասելով, որ «на нет»-ի, ըստ էության պետության կործանում չի լինելու։ Վարդանյանը հետաքրքրվեց, թե վերջին անգամ ե՞րբ են ԲՀԿ–ական պատգամավորները մասնակցել պետաիրավական հանձնաժողովի նիստերին։

ԲՀԿ–ական պատգամավոր Արման Աբովյանն էլ որոշեց պատասխանել Վարդանյանին` նշելով, թե չհամարձակվի իրենց ցուցում տալ` երբ գնան նիստի, ինչ քվեարկեն։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ հանդարտեցրեց կողմերին` ասելով, թե պատգամավորները հետո կխոսեն իրար հետ, հիմա պետք է անցնեն քվեարկվող նախագծերին։

Հիշեցնենք` արտաքին գործերի չորս փոխնախարարները երեկ ներկա չէին նաև կառավարության նիստին։ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայատնել էին, որ նրանցից երկուսը հանդիպման են, երկուսը՝ գործուղման։

Լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ փոխնախարարների բացակայության պատճառն այն է, որ ազատման դիմումներ են ներկայացրել։

Ավելի վաղ ազատման դիմումներ էին գրել ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը, արտաքին գործերի փոխնախարար Գագիկ Ղալաչյանը, ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

«Մենք էլ ենք մարդ». Լենա Նազարյանը` Թագուհի Թովմասյանին «իդիոտկա» անվանելու մասին