ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը Sputnik Արմենիայի թղթակցի հարցին առ այն, որ իրեն հաճախ են համեմատում ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանի հետ, խնդրեց նման համեմատություն չանել։
«Ախմախ մարդուն Գալուստ Սահակյանի հետ համեմատելը ազգի դեմ բարբարոսություն է», – ասաց նա։
Նրա խոսքով` ինքը, ի տարբերություն Աղազարյանի, «տհաս ու հիմար» բաներ չի խոսել։
«Հումորներ եմ արել, որ մարդիկ չհարձակվեն իրար վրա։ Ազգային ժողովում հանգիստ ձայնով դադարեցնում էի մարդկանց լարումները։ Դա ինձնից հետո խորհրդարանում ոչ մեկը չի կարողացել անել», – ասաց Սահակյանը։
ՀՀԿ կուսակցության փոխնախագահը հիշեցրեց իր հումորներից մեկը։
«Լրագրողներից մեկը հարցրեց` դուք գծեր ունե՞ք` նկատի ունենալով մարշուտկայի գծերը։ Ասացի` այո, բայց իմ գծերը քաղաքական են», – պատմեց նա։
Հարցին` ինչքանով են իր հետ ՀՀԿ–ում հիմա հաշվի նստում, Սահակյանը կրկին իր ոճով պատասխանեց.
«Դա կախված է նրանից, թե ես որքանով եմ ինձ հետ հաշվի նստում»։
Նշենք, որ ՀՀԿ–ն մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքով։ Գալուստ Սահակյանը, սակայն, չի ցանկացել ընդգրկվել նախընտրական ցուցակում։
Տա աստված, որ իշխանության գան մարդիկ, որոնք պաշտում են հայ ժողովրդին. Գալուստ Սահակյան