Անվտանգության գոտին պետք է լինի հայկական գյուղերից առնվազն 10 կմ հեռավորության վրա. ՄԻՊ

Պաշտպանը նշեց, որ միջազգային դատական պրակտիկայում կադաստրային փաստաթղթերը դրվել են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հիմքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը` հայ–ադրբեջանական շփման գծում միջազգային ուժերի տեղակայման մասին, չի ապահովելու ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնումը։

Թաթոյանը դատապարտելի է համարում Փաշինյանի օգտագործած բառապաշարը

«Պատկերացրեք` մարդիկ այնտեղ նստած են։ Եթե միջազգային դիտորդը, ով էլ գա, այնտեղ նստի, մեր քաղաքացիների իրավունքները մնալու են չպաշտպանված։ Ես ինչ եմ ասում, ասում եմ` ադրբեջանցիներն իրենց ցեղասպան քաղաքականության հաշվին եկել, հասել են այդտեղ բացահայտ ապօրինի։ Նրանք պետք է այդ վայրերից, առնվազն որոշակի տարածությունով թողնեն, հեռանան, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան իրենց տներից, արոտավայրերից անարգել օգտվել»,– նշեց Թաթոյանը։

Նրա խոսքով` անվտանգության գոտին պետք է լինի հայկական բնակավայրերից առնվազն 10 կմ հեռավորության վրա, որպեսզի ադրբեջանցիներն ընդհանրապես կապ չունենան ՀՀ քաղաքացիների հետ։

Հակառակ դեպքում, ըստ նրա, ՀՀ քաղաքացիների այսօրվա խախտված իրավունքները շարունակելու են մնալ խախտված։

«ԵԱՀԿ–ի ուղեցույցներ կան, որոնք հստակ ասում են` սահմանների որոշման արդյունքում բնակչության բնականոն կյանքը չպիտի խաթարվի։ Սա կարևորագույն սկզբունքն է։ Մենք ուժեղ ենք այստեղ, ու կարծում եմ` պետք է մարդու իրավունքները հիմքում դնենք ու մարդու իրավունքների շուրջ ամեն ինչ կառուցենք»,– ասաց նա։

Թաթոյանը նաև նշեց, որ անվտանգության գոտին չի կարող լինել Հայաստանի տարածքի հաշվին։ Քանի որ այսօրվա սահմանը կամ շփման գոտին անցնում է հայաստանյան բնակավայրերի միջով, եթե այդ տարածքներում նաև անվտանգության գոտի հայտարարվի, ապա Հայաստանում դրա հետևանքով կլինեն նոր տեղահանվածներ, ինչը, ըստ նրա, անթույլատրելի է։ Ավելին, Թաթոյանն արձանագրեց, որ ՀՀ քաղաքացիներն այսօր ունեն գույքի սեփականության վկայականներ ադրբեջանական զինուժի ներկայիս տեղակայման վայրերից այն կողմ տեղակայված իրենց տների ու հողատարածքների վերաբերյալ։ Պաշտպանը նշեց, որ միջազգային դատական պրակտիկայում կադաստրային փաստաթղթերը դրվել են դեմարկացիայի ու դելիմիտացիայի հիմքում։ Թաթոյանը օրինակ բերեց Խորվաթիայի ու Սլովենիայի միջև սահմանազատման գործընթացը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։