ԱԺ մեծամասնությունը մերժեց իմքայլական պատգամավորի կնոջ թեկնածությունը

Քվեարկությանը մասնակցած 74 պատգամավորներից Տաթևիկ Բարսեղյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 66-ը, դեմ` 8–ը, ինչը բավարար չէ ընտրվելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Խորհրդարանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջը` Տաթևիկ Բարսեղյանին, չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուն իմքայլական պատգամավորի կինն է

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած 74 պատգամավորներից կողմ է քվեարկել 66-ը, դեմ` 8–ը, ինչը բավարար չէ ընտրվելու համար։

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ արտահերթ նիստում հանձնաժողովի անդամի թափուր տեղում Տաթևիկ Բարսեղյանի թեկնածության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը չի մասնակցի, քանի որ շահերի բախում կա։

Իսկ երբ պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի մասին է խոսքը` Ավետիսյանը հայտնեց` Տաթևիկ Բարսեղյանն իր կինն է։

Նշենք, որ Բարսեղյանի թեկնածությունն առաջադրվել էր մրցութային խորհրդի որոշմամբ։