ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
«Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս»,–ասվում է ԱԳՆ–ի հայտաարության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:
«Դատական գործերս ավարտվեն, կգամ». ինչ է պատմել ընտանիքին Բաքվում պահվող լիբանանահայ գերին
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 25-ին նույնպես հայտարարություն էր արել` խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվում էր, որ Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո։
ՀՀ պետական ինստիտուտները ոչնչացված են. գերիների հարազատները ՌԴ նախագահին խնդրում են օգնել