32 դպրոցում ֆիզիկա և քիմիա չի դասավանդվել մասնագետ չլինելու պատճառով. ԱԺ–ի լուծումը

Մասնագետների խնդիր կա ոչ միայն բարձր լեռնային շրջաններում, այլ նաև քաղաքային համայնքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։ Ավելին, մի քանի դպրոցներում էլ մաթեմատիկա չի դասավանդվել։ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը` ներկայացնելով «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագիծը։

Հայաստանի դպրոցներում դասավանդվող առարկաների քանակն ու դասաժամերը կկրճատվեն

Նշենք, որ օրենքի նախագծի երկրորդ քննարկումը 24 ժամվա ընթացքում պետք է լինի` հաշվի առնելով ուսուցիչների քանակի հետ կապված հրատապ խնդիրները։

Հայրապետյանը հայտնեց` նախագծով առաջարկվում է, որ ուսուցիչ կկարողանան դառնալ նաև մանկավարժական կրթություն չունեցող ոլորտային մասնագետները։

«2020-21-րդ ուսումնական տարում ոչ մի դիմորդ ֆիզիկա մասնագիտությունը չի ընտրել մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերում։ Գործող օրենքի համաձայն` մանկավարժ դառնալու համար պարտադիր է բազային կրթություն ունենալ, իսկ փոփոխությամբ առաջարկվում է հանել այդ դրույթը»,–ասաց Հայրապետյանը` հավելելով, որ մասնագետների խնդիր կա նաև քաղաքներում` ոչ միայն բարձր լեռնային շրջաններում։

Ապազգային քաղաքականություն է. Մայր աթոռը` Եկեղեցու պատմության դասաժամերի կրճատման մասին

Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։

Նշենք, որ օրենքի նախագիծը 77 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց։

Դասաժամերի նվազեցումից հետո հնարավոր կլինի՞ խուսափել ուսուցիչների կրճատումից