Խաղաղապահներն ամեն օր ուժ, հոգի և կարողություններ են ներդնում. Մարիա Զախարովա

Մարիա Զախարովան նշել է, որ ռուսական կողմը միայն դիվանագիտական և քաղաքական ջանքեր չէ, որ գործադրում է ղարաբաղյան խնդրի կարգավորման համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով: Այս մասին Իզվեստիային տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան խոսել է Ղարաբաղում հակամարտության կարգավորման պայմանների մասին

«Ընթանում են խորհրդակցություններ, բանակցություններ ԱԳ նախարարների հետ։ Արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների գծով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցների մասին հաղորդագրությունները, ինչպես Ռուսաստան-Ադրբեջան, այնպես էլ Հայաստանի գծով, պարբերաբար հրապարակվում են։ Հսկայական ջանքեր են ներդրվել մեր երկրի կողմից իրավիճակի կարգավորման գործում ինչպես հակամարտության թեժ փուլում, այնպես էլ սրացմանը հաջորդած շրջանում»,-ասել է նա։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական և դիվանագիտական, այլև Ռուսաստանի ղեկավարության անձնական ջանքերի մասին է:

«Եվ, անշուշտ, մեր խաղաղապահների դերի մասին, որոնք ամեն օր ուժ, հոգի և կարողություն են ներդնում, պրոֆեսիոնալիզմ, հմտություններ, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և արդեն քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչները կարողանան կատարել իրենց գործառույթները։ Այդ պատճառով ռուս խաղաղապահների դերն այս դեպքում գերագնահատելն անհնար է», - եզրափակել է ԱԳՆ–ի պաշտոնական  ներկայացուցիչը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Արցախում խաղաղապահները պատրաստվում են դիրքերի վրա հնարավոր հարձակմանը

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են