Որքա՞ն վնաս է կրել Թուրքիան ռուս զբոսաշրջիկներին կորցնելու պատճառով

Ռուսական իշխանությունները երկարաձգել են դեպի Թուրքիա թռիչքների արգելքն առնվազն մինչև այս տարվա հունիսի 21-ը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik․ Միայն հունիսին Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը մոտ 334 միլիոն ԱՄՆ դոլարին հասնող վնաս է կրել ռուս զբոսաշրջիկներին, այսպես ասած, կորցնելու պատճառով։ Նման հաշվարկներ է արել Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Թուրքիա` ռուսական թռիչքների արգելման որոշումն ավելի շատ քաղաքական, պատժիչ բնույթ է կրում

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական իշխանությունները երկարաձգել են դեպի Թուրքիա թռիչքների արգելքն առնվազն մինչև այս տարվա հունիսի 21-ը:

Daily Sabah-ը գրում է, որ թուրքական տուրօպերատորների հաշվարկներով` միայն այս ամսվա ընթացքում կորուստները կգերազանցեն կես միլիարդ դոլարը։

Ընդ որում, առայժմ հաստատված չէ, որ թռիչքները կվերսկսվեն հունիսի 21-ից հետո: Այդ պատճառով էլ նույնիսկ ավելի ուշ ժամանակահատվածի համար նախօրոք արված ամրագրումները կարող են չեղարկվել։

Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության տարածաշրջանային ներկայացուցիչների խորհրդի նախագահ Ֆերիտ Տուրգուտը նախազգուշացնում է, որ դա ևս լրացուցիչ վնասներ կհասցնի ոլորտին։

Երևան-Մոսկվա թռիչքներ. չվացուցակն ու ավիատոմսերի գները

Նրա գնահատմամբ՝ ապրիլի 15-ից մինչև հունիսի 21-ը ռուսաստանցի զբոսաշրջիկներ չունենալու հետևանքով տեղական տուրոլորտի կորուստների ընդհանուր թիվը կգերազանցի 2 միլիարդ դոլարը: